|
Պաշտոնական անւանումը`
Հայաստանի Հանրապետութիւն (Հայաստան)
Կազմաւորմանտարեթիւը՝
21.09.1991թ.- Հայաստանի անկախութեան հանրաքւեի անցկացման օրը: Հանրաքւեի արդիւնքների հիման վրա /99 տոկոս կողմ/ Հանրապետութեան խորհրդարանը /Հայկական ԽՍՀ Գերագոյն Խորհուրդն/ ընդունել է «Անկախութեան մասին հռչակագիրը»և հռչակել Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնը:
Սեպտեմբերի 21-ը նշւում է որպես Անկախութեան տոն:
Դրոշը՝
«Հայաստանի Հանրապետութեան պետական դրոշի մասին» օրենքն ընդունւել է Գերագոյն Խորհրդի կողմից 1990 թ. օգոստոսի 24-ին:
2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրութեան բարեփոխումներից յետոյ, 2006 թւականի յունիսի 15-ին ընդունւել է «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը։
Հայաստանի Հանրապետութեան դրոշը Հայաստանի Հանրապետութեան պետական խորհրդանիշերից է։ Հայաստանի Հանրապետութեան դրոշը եռագոյն է՝ վերևից ներքև կարմիր, կապոյտ, նարնջագոյն հորիզոնական հաւասար շերտերով։ Կարմիր գոյնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հաւատքի, Հայաստանի անկախութեան և ազատութեան համար։ Կապոյտ գոյնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքոյ։ Նարնջագոյնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրութիւնը։
Զինանշանը՝
«Հայաստանի Հանրապետութեան պետական զինանշանի մասին» օրենքն ընդունւել է Գերագոյն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին:
Վերականգնւել է Հայաստանի Առաջին Հանրապետութեան /1918-1920 թթ./ զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարւեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանեանը և նկարիչ Յակոբ Կոջոեանը:
2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրութեան բարեփոխումներից յետոյ, 2006 թւականի յունիսի 15-ին ընդունւել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը։ Հայաստանի Հանրապետութեան զինանշանը Հայաստանի Հանրապետութեան պետական խորհրդանիշերից է։ Հայաստանի Հանրապետութեան զինանշանն է՝ կենտրոնում՝ վահանի վրա պատկերւած են Արարատ լեռը՝ Նոյեան տապանով և պատմական Հայաստանի թագաւորութիւններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսեանների, ներքևից աջ՝ Ռուբինեանների զինանշանները։ Վահանը պահում են արծիւը (ձախից) և առիւծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերւած են սուր, ճիւղ, հասկերի խուրձ, շղթայ և ժապաւեն։ Հայաստանի Հանրապետութեան զինանշանի հիմնական գոյնն է ոսկեգոյնը, պատմական Հայաստանի թագաւորութիւններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապոյտ, ներքևից ձախ՝ կապոյտ, ներքևից աջ՝ կարմիր և կենտրոնում՝ վահանի վրայ պատկերւած Արարատ լեռը՝ նարնջագոյն։ Նշւած գոյները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետութեան դրոշի գոյները։
Օրհներգը՝
Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն Խորհրդի 1991 թ. յուլիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունւել է Հայաստանի Առաջին Հանրապետութեան /1918-1920թթ./ օրհներգը:
Տեքստը՝ Միքայել Նալբանդեանի /1829-1866 թթ./
Այս էջում հրատարակւած տեղեկութիւնները քաղւած է Հայաստանի Հանրապետութեան Կառաւարութեան կայքէջից՝ www.gov.am
|