|

Tert.am - Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը, խօսելով հայկական կոտորածների մասին, յայտարարել էր` «Ո՞վ է այսօր յիշում հայերին»: Այդ հարցի պատասխանն այս շաբաթ տւեց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Այս մասին բրիտանական The Independent թերթում գրել է յայտնի վերլուծաբան Ռոբերտ Ֆիսկը:
«Թուրքերին հանգստացնելու համար ստիպւած ենք լինելու եւս մէկ անգամ մոռանալ 20-րդ դարասկզբի առաջին Ցեղասպանութեան` Հայոց հոլոկոստի մասին: ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնն այդպէս արեց: Ջորջ Բուշն էլ թուլակամօրէն ի վերջոյ զիջեց թուրք գեներալներին: Իսկ հիմա էլ մեր աչքի առջեւ Նոբելեան մրցանակի դափնեկիրն է այդպէս վարւում՝ եւս մի խիզախ նախագահ, ով ընտրութիւններից առաջ խոստացաւ ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, յետոյ չարեց դա։ Նախագահ, որը նւնւում է՝ Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովին խնդրելով չասել ճշմարտութիւնը 1915 թ. 1.5 միլիոն հայերի վայրագ բռնաբարութիւնների եւ սպանութիւնների վերաբերեալ…»,- գրել է Ֆիսկը` համոզմունք յայտնելով, որ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ թիւ 252 բանաձեւը չի յայտնւի Կոնգրեսի լիագումար նիստում:
«Վստահաբար կարելի է ասել, որ բանաձեւը քւէարկութեան չի դրւի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: Սակայն եթէ նոյնիսկ այնտեղ քւէարկութեան դրւի, Սենատում չի դրւի: Դրա համար ամէն ինչ կանի Օբաման: Մարդը, որը փոփոխութիւններ էր ցանկանում. չի ուզում փոփոխութիւն մտցնել այնպիսի հարցում, ինչպիսին նացիստների կողմից 6 միլիոն հրեաների կոտորածի համար ճանապարհ հարթած Ցեղասպանութեան ճանաչումն է»,- նշում է յայտնի վերլուծաբանը` ընդգծելով, որ Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձութիւնը, այսինքն` թիւ 252 բանաձեւի ընդունումը, ապացուցում է մի քանի բան։
«Ամերիկահայ լաբբին դարձել է աւելի հզօր և հարուստ, քան երբեւէ: Իսկ թուրքերի համար լուրջ ազդեցութիւն ունեցաւ այն, որ հրէական լաբբին այս անգամ նրանց թիկունքին չէր: Իսրայէլը, որը խայտառակ կերպով պնդում է, թէ Հայոց հոլոկոստը Ցեղասպանութիւն չէ, անցեալում աջակցում էր Թուրքիային: Սակայն այս տարի երկու երկրների յարաբերութիւններում սեպ խրւեց, եւ իսրայէլցիները դեռեւս բարկացած են Թուրքիայի վրայ այն բանի համար, որ Անկարան դատապարտեց Իսրայէլին Գազան արեան ծով դարձնելու համար»։
Ֆիսկը, անդրադառնալով պաշտօնական Անկարայի` Ցեղասպանութեան բանաձևի առնչութեամբ արած նախազգուշացումներին, գրում է. «Նախորդ անգամ թուրքերը, Բուշի աչքը վախեցնելու համար, գեներալներ գործուղեցին ԱՄՆ: Այս անգամ թուրք արտգործնախարարը նախազգուշացրեց, թէ «թուրք-ամերիկեան յարաբերութիւնները շատ կարեւոր փուլում են, եւ այդ գործընթացի համար անհրաժեշտ է, որ երկու երկրների ռազմավարական համագործակցութիւնը առաւել քան երբեւէ բարձր մակարդակի վրայ լինի»: Մեսիջը շատ պարզ է: Եթէ ԱՄՆ-ը ճանաչի Ցեղասպանութիւնը, կը կորցնի Թուրքիայում աւիաբազաները ու դէպի Իրաք ռազմական շարասիւներ ուղարկելու ճանապարհները: Ցաւալին այն է, որ սրանք նոյն այն ճանապարհներն են, որոնցով 1915 թ. հայերը քայլում էին մահւան քարաւաններով... Յուսանք, որ ամերիկացի զինւորները չեն որոշի կանգնել ու փորել այդ ճանապարհների յարակից դաշտերը»,- նշում է Ֆիսկը` աւելացնելով, որ «դեռ այդտեղ են տասնեակ հազարաւոր հայերի կմախքները»:
«Հետաքրքիր է իմանալ, թէ ի՞նչ կը լինէր, եթէ Գերմանիան յանկարծ չընդունէր նացիստների իրականացրած Հոլոկոստը: Արդեօ՞ք կանցլեր Անգելա Մերկելը կը համակարպւէր այդ մտքի հետ: Արդեօ՞ք Օբաման լաբբինգ կիրականցներ` թոյլ տալով Գերմանիային շարունակել այդ անպատկառութիւնը: Հաւանաբար տեղին է յիշել 1939 թ. Հիտլերի` գեներալներին ուղղված հարցը: Արևելյան Եվրոպայում միլիոնավոր հրեաներ սպանելու նպատակով Լեհաստան մեկնելուց առաջ Հիտլերն իր գեներալներին մի պարզ հարց ուղղեց. «Այսօր ո՞վ է յիշում հայերի մասին»: Այս շաբաթ Հիտլերն Օբամայից ստացաւ իր հարցի այն պատասխանը, որը կը ցանկանար լսել»,- եզրափակում է Ֆիսկը:
|