|
«7or.am» - Մարտի 4-ին ԱՄՆ-ի կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների աանձնաժողովի նիստում ընդունւել է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման մասին 252-րդ բանաձևը։ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում վերոնշեալ փաստի կապակցութեամբ ՀՀ ԱԺ Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանն ասել է, որ արդիւնքը սպասելի էր, քանի որ քէւարկութիւնից առաջ իրենք միշտ ունենում են պատկերը, եւ քւէարկութեան օրը չէ, որ ճշտւում են քւէարկութեան ձայները։ Դա երկարատեւ աշխատանքի արդիւնքում ձեւաւորւած յարաբերակցութիւն է, եւ այս անգամ աննախադէպ դժւար էին բանաձեւի քւէարկութիւնն ու բանաձեւի անցնելը։
Նա նշել է, որ թէ՛ կողմ, թէ՛ դէմ արտայայտւող կոնգրեսականների հիմնական փաստարկները կրկնւում էին, եւ միակ փաստարկը, որ աւելացել էր եւ աւելացրել դէմ-երի քանակը, հայ-թուրքական արձանագրութիւնների առկայութիւնն էր։
- Կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր հետեւեցին քննարկումներին, հասկացան, թէ ինչպէս կարող են արձանագրութիւններն արգելակել Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը,- նշել է Ա. Ռուստամեանը։ Նա նշել է, որ ակնյայտ դարձաւ, թէ Թուրքիան ինչպէս է սարսափում Ցեղասպանութեան միջազգային ճանաչումից, եւ որքան լուրջ ճնշում է դա Թուրքիայի վրայ. «Իհարկէ բարոյական առումով մեզ պատիւ չի բերում, որ ամէն անգամ այս հարցով փորձենք ինչ-որ ճնշումներ բանեցնել եւ օգտագործել քաղաքական սակարկութիւնների մէջ. սա առևտրի թեմա չէ։ Սա այն հարցն է, որ բոլոր երկրները, ովքեր յարգում են համամարդկային արժէքները, պարտաւոր են ճանաչել»։
Նա նշել է նաեւ, որ մի քանի ամիս առաջ ձայների յարաբերակցութիւնն այսպիսին չէր, եւ կողմ-երի քանակն աւելի մեծ էր, սակայն թուրքերի աշխատանքից յետոյ այդ յարաբերակցութիւնը նւազեց։ Բոլոր դէմ քւէարկողները որպէս հիմնաւորում նշում էին, որ իրենք չեն ցանկանում խանգարել հէնց Հայաստանին, քանի որ բանաձեւն ընդունելով՝ կը խանգարէին Հայաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւններին։
- Սա առաջին անգամ էր, որ արձանագրութիւնների ֆոնի վրայ մենք կարողացանք մի կարեւոր յաջողութիւն արձանագրել։ Սա կարևոր է նաեւ նրանով, որ մենք փորձում ենք ճեղքել լռութեան վարագոյրը, որն առաջացել էր արձանագրութիւնների ֆոնի վրայ։ Սա պէտք է դաս լինի Թուրքիային, որ այս գործընթացը չի կասեցւելու։ Մենք պէտք է մեր պայքարը չդադարեցնենք, այլ ընդհակառակը՝ նոր թափ հաղորդենք դրան,- ընդգծել է Արմէն Ռուստամեանը։
Նա յոյս է յայտնել, որ Հայաստանի իշխանութիւնները եւս այս ամենից եզրակացութիւններ կանեն և կը գան այն մտքին, որ արձանագրութիւնների մէջ եղած վտանգները վերացնելը բխում է Հայաստանի շահերից։
Այդուհանդերձ, նա նշել է, որ բանաձեւի ընդունումը յանձնաժողովի կողմից կարեւոր քայլ էր, բայց վերջնական լուծում չէ, քանի որ հարցը պէտք է լուծւի Կոնգրեսում։ Այս առումով նա կարեւոր է համարում ուժերի միաւորումը, քանի որ այս գործում Հայաստանի ունեցած ողջ պոտենցիալը չի աշխատում. «Մեր ողջ պետական ապարատը եւ մնացած բոլոր հայկական կազմակերպութիւնները պէտք է համախմբեն իրենց ուժերը, միաւորւեն, որ կարողանանք Կոնգրեսում քւէարկութիւնն անցկացնել եւ հաջողել այն»։ Հետեւաբար պէտք է մանրամասն ուսումնասիրվեն կողմ եւ դէմ ելոյթների փաստարկները, քանի որ, ինչպէս գնահատել է թուրքական մամուլը, սա լաբբինգների պատերազմ էր։
- Երբ այս կամ այն կոնգրեսականի հետ հանդիպում է Հայ Դատի գրասենեակի պատասխանատուն, նա մտածում է, որ դա հաւանաբար Դաշնակցութեան տեսակէտն է, բայց եթէ հանդիպում են եւ նոյն տեսակէտը ներկայացնում հայութեան բոլոր կողմերը, եւ ամենակարեւորը՝ պետական մարմինները, դա բոլորովին այլ մօտեցում է,- ասել է Արմէն Ռուստամեանը եւ կարեւորել, որ գոնէ վերջին պահին Հայաստանի պատւիրակութիւնը ներկայ է եղել եւ մասնակցել նիստին, քանի որ, բացի Դաշնակցութեան ներկայացուցչից, կան նաեւ քաղաքական մեծամասնութեան ներկայացուցիչներ, ինչը ցոյց է տալիս, որ հարցի վերաբերեալ միասնական մօտեցում կայ։
Արփի Բեգլարեան
|