|

Երեւան (Երկիր) - Թէեւ նախորդ անգամների պէս ԱՄՆ-ի կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովն ընդունեց Հայոց Ցեղասպանութեան մասին թիւ 252 բանաձեւը, սակայն այս անգամ դա իրականացաւ մեծ դժւարութեամբ: «Երէկւայ որոշումը մեր բոլոր հարցերի լուծումը չէ, բայց ամերիկեան քաղաքական դաշտում հայկական եւ թուրքական ուժերի մրցակցութեան հերթական հանգրւանն է, իսկ հայկական կողմը յաղթեց բաւական դժւարութեամբ»,- Երեւանի «Ուրբաթ» ակումբում մարտի 5-ին յայտարարեց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:
Բանաձեւի ընդունումը, ըստ նրա, լուրջ ճնշում էր Թուրքիայի եւ Սպիտակ տան վրայ. Թուրքիային ճնշում են, որ լուրջ վերաբերւի Հայաստանի հետ բանակցութիւններին, իսկ Սպիտակ տանը` որ պատճառաբանութիւններով չփորձի խոչընդոտել Ցեղասպանութեան ճանաչմանը Կոնգրեսում:
Դաշնակցական գործչի կարծիքով` Միացեալ Նահանգների հասցէին Թուրքիան, բնականաբար, սպառնալիքներ կը տեղայ: «Սակայն եթէ այս բանաձեւով պէտք է վատանան թուրք-ամերիկեան յարաբերութիւնները, ուրեմն այդ յարաբերութիւնները ի սկզբանէ խախուտ են: Թուրքիան բոլորին է սպառնացել: ՆԱՏՕ-ի անդամ 10-11 երկիր ճանաչել են Ցեղասպանութիւնը: Բոլորին էլ Թուրքիան սպառնացել է,- նշեց բանախոսը` հավելելով, որ այդ սպառնալիքները ժամանակաւոր են:
Իսկ ի՞նչ պէտք է անի Հայաստանը: «Ճիշտ կը լինի, որ այսօր մեր ԱԺ-ի նախագահը շնորհակալական նամակ ուղարկի Ներկայացուցիչների պալատի նախագահին` նշելով, որ ակնկալում է բանաձեւի` նաեւ լիագումար նիստում քննարկում: Չնայած Հայաստանի նախագահը «Ալ Ջազիրա» հեռուստատեսութեան հետ հարցազրոյցում ասել էր, որ կողմ է բանաձեւի անցկացմանը, բայց, ըստ երեւոյթին, դա կոնգրեսականներին չի հասել: Բնականաբար, աւելի ճիշտ կը լինի, որ նախագահի կեցւածքը արտայայտւի պաշտօնապէս»,- նշեց բանախօսը` յաւելելով, որ եթէ Թուրքիան պաշտօնապէս հակազդում է, Հայաստանը եւս պէտք է պաշտօնապէս դիրքորոշում յայտնի:
Հայաստանը անելիք ունի նաեւ Թուրքիայի հետ բանակցութիւններում: Դա, ըստ Կիրօ Մանոյեանի, բանակցութիւններից օր առաջ դուրս գալն է: Միանշանակ է, որ արձանագրութիւնների առկայութիւնը խոչընդոտ է Ցեղասպանութեան փաստի ճանաչման համար: Դրա վկայութիւնն այն է, որ բանաձեւն ընդունւեց 1 ձայնի տարբերութեամբ միայն, այն դէպքում, երբ Սպիտակ տան կողմից չկար լուրջ հակազդեցութիւն: Իսկ 2007 թւականին, երբ նախագահ Բուշը անձամբ էր զանգահարում կոնգրեսականներին` հորդորելով ընդունել բանաձեւը, այն ընդունւեց 26:21 յարաբերակցութեամբ:
«Պարզ է, որ Թուրքիան չի վաւերացնի արձանագրութիւնները. այս եւ նման բանաձեւերը պարզապէս որպէս պատրւակ կարող է օգտագործել: Սա եւս առիթ է, որ Հայաստանը յայտարարի` արձանագրութիւների վաւերացման գործընթացը Թուրքիայի մեղքով տապալւել է: Իշխանութիւնը պէտք է յայտարարի, որ մենք պատրաստ ենք առանց նախապայմանների յարաբերութիւններ հաստատել, եւ կը բանակցենք այն օրը, երբ Թուրքիան եւս որոշի առանց նախապայմանների բանակցել: Ճիշտ է` մեր դուրս գալը որոշ արտաքին շրջանակներում մեծ դժգոհութիւններ կառաջացնի, բայց դա չարեաց փոքրագոյնն է: Մենք աւելի թանկ ենք վճարելու` այս գործընթացում մնալով՚,- նշեց բանախօսը:
Նա որեւէ երաշխիք չի տեսնում, որ բանաձեւը կընդգրկւի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստերի օրակարգ, բայց հաւանականութիւնը մեծ է: Դա կախւած է չորս հանգամանքից. «Ինչպիսի՞ն կը լինի Թուրքիայի հակազդեցութիւնը, Սպիտակ տունը կակտիւանա՞յ բանաձեւի դէմ, թէ՞ ոչ, Հայաստանը ի՞նչ կասի այս ուղղութեամբ, քանի որ դէմ քւէարկողները հիմնականում պատճառ էին բերում բանակցութիւնները, նաեւ հայկական համայնքից»:
Ըստ Կ. Մանոյեանի` անկախ բանաձեւի ընդունումից, ԱՄՆ-ի նախագահը պարտաւորւած չէ ապրիլքսանչորսեան ելոյթում արտասանել «ցեղասպանութիւն» բառը: Չասելու պատճառն էլ, ըստ բանախօսի, հայ-թուրքական բանակցութիւնները չեն: Դրանք ընդամէնը առիթ են:
|