Տեղեկագրի Անդամակցութիւն



Receive HTML?


Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւն ընդունւեց Print E-mail

Երեւան (Երկիր) – ԱՄՆ-ի կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը մէկ ձայնի առաւելութեամբ` 23 «կողմ» եւ 22 «դէմ», ընդունեց Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը:
 
Նիստի բացման խօսքում յանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը, մասնաւորապէս, ասաց. «Փորձագէտների ճնշող մեծամասնութիւնը, գիտնականները, տարիներ շարունակ այս հարցն ուսումնասիրողները համակարծիք են, որ հայերի ողբերգական ջարդերը հաւասարազոր են ցեղասպանութեան: Նոբելեան մրցանակի դափնեկիր, թուրք գրող Օրհան Փամուկը հալածւեց Թուրքիայում` Հայոց Ցեղասպանութեան թեման արծարծելու համար:
 
Երկու տարի առաջ կոնգրեսականներին ուղղւած նամակում Ցեղասպանութիւնն ուսումնասիրող միջազգային ընկերակցութիւնը նշեց հետեւեալը. «Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ պատմական գրառումներն ու արխիւային փաստաթղթերը անհերքելի են եւ հաստատւում են բազմաթիւ ու ծանրակշիռ ապացոյցներով: Դրանք պահւում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Անգլիայի, Ռուսաստանի պետական արխիւներում եւ, որ ամենակարեւորն է, Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի դաշնակիցներ Գերմանիայի, Աւստրիայի, Հունգարիայի արխիւներում»:
 
Բերմանը կարծիք յայտնեց, որ Հայոց Ցեղասպանութիւնը չճանաչելու հետեւանքով այլ վայրերում այսօր էլ ցեղասպանութիւններ են կատարւում:
«Երկու տասնեակից աւելի պետութիւններ պաշտօնապէս ճանաչել են Հայոց Ցեղասպանութիւնը, նաեւ Եւրոխորհրդարանն է այն ճանաչել։ Եւ ԱՄՆ-ը, որպէս աշխարհում մարդու իրաւունքների պաշտպանութեան մունետիկ, բարոյական պարտաւորութիւն ունի նոյնն անելու: Թուրքերն ասում են, որ դա կարող է ահաւոր հետեւանքներ ունենալ երկկողմ յարաբերութիւնների համար, եւ երեւի որոշ հետեւանքներ կը լինեն, բայց ես կարծում եմ, որ պարտադիր ուժ չունեցող բանաձեւի ընդունումը չի կարող խաթարել թուրք-ամերիկեան յարաբերութիւնները: Ցանկացած պետութիւն պէտք է կարողանայ հաշտւել իր պատմութեան հետ: Սա բարդ գործընթաց կը լինի Թուրքիայի համար, բայց դրանով Թուրքիայում կամրապնդւի ժողովրդավարութիւնը, եւ թուրք-ամերիկեան յարաբերութիւններն աւելի կը բարելաււեն: Գործընկերներիս կոչ եմ անում քւէարկել բանաձեւի օգտին»,- ասաց յանձնաժողովի նախագահը:
 
ԱՄՆ-ը չպէտք է դառնայ իր բարեկամ Թուրքիայի յանցակիցը»,- յայտարարեց կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթը։ Նա նշեց, որ ընթերցել է անցած դարասկզբին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի գիրքը Հայոց Ցեղասպանութեան մասին ու շատ է վշտացել։ Կոնգրեսականը կոչ արեց «կողմ» քւէարկել բանաձեւին` նկատելով, որ «Կոնգրեսն իր դժգոհութիւնը կը յայտներ, եթէ Գերմանիան փորձեր հերքել Հոլոկոստը»:
 
Իսկ կոնգրեսական Հարի Աքերմանը հաւաքւածներին յայտնեց, որ դահլիճում Ցեղասպանութիւնից փրկւած երեք հայ կին են նստած` 97, 98 եւ 105 տարեկան: «Այս մարդիկ այլեւս չեն կարող սպասել, թէ ԱՄՆ-ը երբ կը ճանաչի ցեղասպանութիւնը»,- նշեց կոնգրեսականն ու յաւելեց. «Իհարկէ, հիանալի կը լինի` լաւ յարաբերութիւններ ունենալ Թուրքիայի հետ, բայց պատմութիւնը պիտի ճանաչւի։ Խնդիրը պէտք է լուծւի, եւ այսօր այդ օրն է»:
Կոնգրեսական Դոնալդ Փէյնի կարծիքով` ժամանակն է, որ ԱՄՆ-ը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը, քանի որ արդէն ճանաչել է Հոլոկոստը եւ Դարֆուրի ցեղասպանութիւնը:
«Օսմանեան կայսրութիւնում անզեն հայերին տեղահանել ու բնաջնջել են, որը յանցագործութիւն է ոչ թէ հայերի, այլ ամբողջ մարդկութեան դէմ»,- յայտարարեց կոնգրեսական Դանա Ռորաբախերը` յաւելելով, որ ինքը չի կարող դէմ քէւարկել ճշմարտութեանը:
 
Կոնգրեսական Ջէֆ Ֆորթենբերին թէեւ ընդգծեց, որ ընդունում է Ցեղասպանութեան եղելութիւնը, սակայն յաւելեց, որ հիմա բանաձեւն ընդունելու ժամանակը չէ: Բացի դրանից` «ստեղծւելու է պատմաբանների յանձնաժողով, որը քննարկելու է այս խնդիրները: Ինչո՞ւ ենք միջամտում երկու երկրների յարաբերութիւններին: Թող այս հարցը հետաձգւի, մինչեւ Հայաստանն ու Թուրքիան հաշտութեան գան»:
 
«Այս բանաձեւի ընդունումը կը վնասի նաեւ մեր զօրքերի ներկայութեանը Իրաքում եւ Աֆղանստանում: Ես ի՞նչ պատասխան պիտի տամ իմ ընտրողներին` ասելով, որ ձեր որդիները խնդիրներ ունեն, քանի որ ես կողմ եմ քւէարկել Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձեւին: Կրկնում եմ` Ցեղասպանութիւն եղել է, բայց բանաձեւի ընդունման ժամանակը ճիշտ չի ընտրւած»,- ասաց Ջէֆ Ֆորթենբերին:
 
Նրա ելոյթին արձագանգեց յանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը` հեգնանքով նշելով, որ ինքը 27 տարի Կոնգրեսում է, բայց չի յիշում, որ նման բանաձեւի ընդունման համար յարմար պահ է եղել:
 
Բանաձեւին դէմ արտայայտւող կոնգրեսականները հիմնականում պատճառաբանում էին, թէ բանաձեւի ընդունումը կարող է խոչընդոտել հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին, նաեւ, որ Թուրքիան ԱՄՆ-ի հաւատարիմ ՆԱՏՕ-ական դաշնակիցն է, եւ չարժէ բարդացնել նրա հետ յարաբերութիւնները:
 
Նշենք, որ քննարկմանը ներկայ էին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը եւ Թուրքիայի խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը:



 

Մեկնաբանութիւն (0)
Գրել Ձեր մեկնաբանութիւնը
Ձեր տւեալները:
Մեկնաբանութիւն:
Ապահովական
Մուտքագրել ապահովական ծածկագիրը.
 

Ձեռնարկների Օրացոյց

<<  April 2010  >>
 Mo  Tu  We  Th  Fr  Sa  Su 
     1  2  3  4
  5  6  7  8  91011
12131415161718
192021222325
2627282930  

Յայտարարութիւններ

Քւէարկել...

Արդեօ՞ք համաձայն էք նախապայմաններով ստորագրւած Հայաստան-Թուրքիա արձանագրութիւններին:
 
© 2009 ՀՈՒՍԿ. Բոլոր իրաւունքները պաշտպանւած են: