|

Բուլղարիայի՝ Արտերկրի բուլղարացիների հարցերով գործակալութեան նախարար Բոժիդար Դիմիտրովը, նոր տարւայ շեմին «մեծ փոթորիկ առաջացրեց»՝ սպառնալով արգելափակել Թուրքիայի մուտքը Եվրամիութիւն (ԵՄ), քանի դեռ նա միլիարդաւոր դոլարների փոխհատուցում չի վճարել օսմանեան ժամանակաշրջանում բռնի տեղահանւած բուլղարացիների համար:
Դիմիտրովն ասաց, որ Թուրքիան պարտաւոր է 20 մլրդ. դոլար վճարել Բուլղարիային' 1913 թւականին հարիւր հազարաւոր էթնիկ բուլղարացիների արտաքսման համար: 1923 թւականին հիմնադրւած Թուրքիայի Հանրապետութիւնը' համաձայն 1925 թւականի պայմանագրի, իր վրայ է վերցրել Օսմանեան կայսրութեան պարտաւորութիւնները և համաձայնել է փոխհատուցում վճարել, սակայն Բուլղարիայի կառավարութիւնը մինչ օրս այն չի ստացել:
«Թուրքիան, իհարկէ կարող է այդ գումարը վճարել, վերջիվերջոյ խոշոր տնտեսական հզորութիւն ունեցող 16-րդ երկիրն է աշխարհում», ասաց Դիմիտրովը, օգուտ քաղելով թուրք պաշտոնեաների կողմից իրենց երկրի տնտեսական հզորութեան մասին բազմիցս հնչող պարծենկոտ յայտարարութիւնից:
Դիմիտրովը պարզաբանեց, որ 1925 թւականի պայմանագրի պահանջներին համապատասխան փոխհատուցման վճարումը Բուլղարիայի երեք նախապայմաններից մէկն է, որպեսզի վետո չդնի ԵՄ Թուրքիայի ընդունման վրայ: Միւս երկու նախապայմանները վերաբերում են Բուլղարիայի ներգրաւմանը էներգետիկ և ջրային ռեսուրսների կառավարման հարցերում:
Բուլղարիայի կառավարութեան խօսնակ Վեսելին Նինովը, յունւարի 4-ին «EUobserver»-ում հաստատեց, որ Դիմիտրովի յայտարարութիւնը ներկայացնում է երկրի պաշտոնական քաղաքականութիւնը: Նա բացայայտեց, որ այդ բանավեճի կարգաւորմամբ զբաղւում է «Թուրք-բուլղարական միջկառավարական աշխատանքային խումբը», իսկ երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը Թուրքիա կատարելիք իր առաջիկայ այցի ընթացքում կբարձրացնի փոխհատուցման հարցը:
Սրան հետևեց թուրք պաշտոնեաների արագ և խիստ արձագանքը: Արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն կրկնեց այն նոյն անհիմն մեղադրանքները, որոնք թուրք ղեկավարները ներկայացնում են Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ. այդ ժամանակաշրջանում նոյնքան թուրք է տուժել, որքան՝ բուլղարացի: Ըստ «Zaman» թերթի, Դաւութօղլուն զգուշացրել է, որ փոխհատուցման վերաբերեալ Բուլղարիայի պահանջները կարող են վնասել երկկողմ յարաբերութիւններին, չնայած դրան նա հաստատել է, որ «Օսմանեան կայսրութեան վերջին օրերին թուրքերի և բուլղարացիների զանգվածային տեղաշարժերի հետ կապւած հիմնախնդիրները քննարկւում են երկու երկրների կողմից»:
Բուլղարացի պաշտոնեաներն անմիջապես ետ ընկրկեցին, հասկանալով, որ այս խնդրում Թուրքիայի հետ բացեիբաց առճակատումը իրենց աւելի քիչ օգուտ կբերի, քան փակ դռների ետևում բանակցութիւններ վարելը: Բուլղարիայի փոխարտգործնախարար Մարին Ռայկովը հարթելով Դիմիտրովի պահանջները՝ յայտարարեց, որ իր երկիրը Թուրքիայի Եվրամիութեանը միանալու յայտը չի պայմանաւորում տեղահանւածների համար փոխհատուցման խնդրի վերաբերեալ որոշմամբ: Այդ ընթացքում վարչապետ Բորիսովը հանդիմանեց Դիմիտրովին և սպառնաց նրան պաշտոնանկ անել, եթէ նա հետագայում նման յայտարարութիւն անելիս նախօրոք չխորհրդակցի իր հետ:
Նախարար Դիմիտրովը շտապ ներողութիւն հայցեց՝ պաշտոնից չզրկւելու համար: Իսկ ահա մամլոյ պատասխանատու Վեսելին Նինովի բախտը չբերեց. նրան հեռացրին զբաղեցրած պաշտոնից՝ Դիմիտրովի կողմից աւելի վաղ արւած յայտարարութիւնը հաստատելու համար:
Բուլղարիայի ղեկավարները գտնում են, որ ներկայումս դեռ վաղ է փոխհատուցման վերաբերեալ իրենց պահանջները բացեիբաց կապել Թուրքիայի Եվրամիութեան անդամակցութեան յայտի հետ, չնայած շատ բուլղարացիներ տասնամեակներ շարունակ համառորեն պահանջում են նման փոխհատուցումներ: Հետևաբար սոյն խնդիրը մնում է երկու երկրների օրակարգում, փչացնելով Թուրքիայի յաճախակի հնչող յայտարարութիւնը՝ զրո խնդիրներ կամ վեճեր հարևանների հետ:
Չնայած վարչապետ Բորիսովի վերապահութեանը, այժմ Բուլղարիան մի նոր խոչընդոտ է ստեղծել Թուրքիայի ԵՄ անդամակցութեան համար, որը գնալով էլ աւելի է դժւարանում: Արդեն մի շարք եվրոպական երկրներ, այդ թւում՝ Ֆրանսիան, Գերմանիան, Նիդեռլանդները և Աւստրիան վճռականորեն դէմ են արտայայտւել ԵՄ Թուրքիայի անդամակցութեանը: Յունաստանն ու Կիպրոսը թոյլ չեն տայ Թուրքիային միանալ Եվրամիութեանը, քանի դեռ թուրքական զորքերը դուրս չեն բերւել Հիւսիսային Կիպրոսից: Բացի այդ, Թուրքիայի համար անհնարին կլինի միանալ ԵՄ-ին, չկատարելով այդ կառոյցի գլխաւոր պահանջը՝ բացել սահմանները բոլոր հարևան երկրների հետ: Այսպիսով, Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ին, քանի դեռ չի բացել սահմանները Հայաստանի հետ՝ անկախ հայ-թուրքական արձանագրութիւնների ճակատագրից:
Բացի ԵՄ-ին միանալու խոչընդոտներից, Թուրքիան ծանրաբեռնւած է նաև Մարդու իրաւունքների եվրոպական դատարանում իր դէմ ներկայցւած մեծ թւով հայցերով: Եթէ Թուրքիան հրաժարւի Բուլղարիային փոխհատուցում վճարել 1913 թւականի փախստականների համար, ապա կյայտնւի աւելի բարդ իրաւական խնդիրների առաջ:
Սակայն, Եվրադատարանում դատական գործերը շահելու Թուրքիայի շանսերն այնքան էլ բարձր չեն: Մի քանի կարևոր դատավարութիւններ Թուրքիան արդեն տանուլ է տւել՝ կապւած Հիւսիսային Կիպրոսի բռնազաւթման հետ: Բացի այդ, Թուրքիայում Յունական և հայկական փոքրամասնութիւնների հաստատութիւնները, Եվրադատարանի միջոցով յաջողութեամբ վերականգնել են իրենց տասնամեակներ առաջ բռնագրաււած անշարժ գոյքի մի մասը:
Քաջալերւած այս յաջող դատական հայցերից՝ Թուրքիայում և ամբողջ Եվրոպայում բնակւող հայերը պետք է իրաւական ճանապարհով, Եվրադատարանի միջոցով վերականգնեն Ցեղասպանութեան ժամանակ իրենց անհամար կորուստները: Հայցերը կարող են ներկայացւել մասնաւոր սեփականութեան, բանկային հաշիւների, անշարժ գույքի, յուշարձանների և եկեղեցիների կորստի համար:
Չկայ խաղաղութիւն՝ առանց արդարութեան:
Չկայ հաշտեցում՝ առանց փոխհատուցման:
Հարութ Սասունեան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
7or.am
|