|

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
Սիրելի հայրենակիցներ,
2010թ. յունւարի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանը քննութեան առաւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման արձանագրութիւններով Հայաստանի ստանձնած պարտաւորութիւնների` ՀՀ սահմանադրութեանը համապատասխանութեան հարցը:
Այսպիսով մեկնարկեց մեր ազգային պետական շահերը վտանգող ՀՀ սահմանադրութեամբ ամրագրւած Հայոց պետականութեան հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին հակասող դրոյթներ ներառող արձանագրութիւնների վաւերացման ներպետական ընթացակարգը:
ՀՅ Դաշնակցութեան համար ի սկզբանէ անընդունելի էին արձանագրութիւններում թուրքական կողմի երեք նախապայմանների իրականացմանը ծառայող նախադրեալների առկայութիւնը, որոնց նպատակն էր` ձախողել Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը, ձևաւորել Հայաստանի և Թուրքիայի միջև գործող սահմանը ամրագրող իրաւական հիմքերը, փոխկապակցելով Հայաստանի և Թուրքիայի միջև յարաբերութիւնների ու Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացները, հասնել հիմնահարցի Ադրբեջանին ձեռնտու լուծման:
Մենք համոզւած էինք և ենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը, հանգամանորեն վերլուծելով գործին առնչւող բոլոր փաստական հանգամանքները, բաւարար հիմք ուներ Հայաստանի կողմից այս արձանագրութիւններով ստանձնւող պարտաւորութիւնները ճանաչել ՀՀ սահմանադրութեանը չհամապատասխանող:
Ցաւոք, դա տեղի չունեցավ: Այդուհանդերձ մենք գտնում ենք, որ և Հայաստանում, և սփիւռքում ազգային-պետական շահերը վտանգող արձանագրութիւնների դէմ ծաւալւած ընդւզումը օր օրի տալիս է իր դրական արդիւնքը:
Առաջին փաստն այն է, որ Սահմանադրական դատարանի որոշումը նոյնպես ապացուցում է` այս արձանագրութիւնները ՀՀ արտաքին գործերի նախարարի վատ աշխատանքի արդիւնք է: Յաջորդը` Սահմանադրական դատարանը իր արտայայտած իրաւական դիրքորոշումների մէջ արձանագրութիւնների առարկայ է ամրագրել բացառապես դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը և ընդհանուր, փաստացի սահմանի բացումը: Բացի այդ, Սահմանադրական դատարանն անդրադարձել է առկայ հիմնական մտահոգութիւններին և բաւարար հիմքեր է ստեղծել Հայաստանի Հնարապետութեան կողմից համապատասխան վերապահումներ կատարելու համար:
Մասնաւորապես` Սահմանադրական դատարանը ամրագրել է, որ այս արձանագրութիւններն ունեն բացառապես երկկողմանի միջպետական բնոյթ և Հայաստանի Հանարպետութիւնը չի կարող ստանձնել երրորդ երկրին վերաբերող որևէ պարատաւորութիւն: Սա Արցախի հարցով:
Հայոց Ցեղասպանութեան հետ կապւած` Հայաստանի կողմից ստանձնւելիք որևէ պարտաւորութիւն չի կարող հակասել ՀՀ սահմանադրութեան նախաբանի դրոյթներին և Հայաստանի անկախութեան հռչակագրի 11-րդ կետի պահանջներին: Այսինքն` Հայաստանի Հանրապետութիւնը սատար է կանգնում 1915 թւականին Օսմանեան Թուրքիայում և Արևմտեան Հայաստանում Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին:
Հայաստանի և Թուրքիայի միջպետական սահմանների իրաւական ամրագրումը այս արաձանագրութիւններով չի կարող տեղի ունենալ: Սահմանների հարցը բաց է մնում: Այն կարող է լուծւել բացառապես ՀՀ սահմանադրութեամբ և օրենքներով նախատեսւած, հետագայում քննարկւելիք առանձին միջպետական պայմանագրի միջոցով:
ՀՅ Դաշնակցութիւնը, կարևորելով այս իրաւական գնահատականները, հաստատում է, որ դրանք կարող են լիարժեքորեն չեզոքացնել առկայ վտանգները, եթէ վաւերացման փուլում Սահմանադրական դատարանի այս որոշման ուժով, միջազգային իրաւունքին համապատասխան, վերածւեն արձանագրութիւնների անբաժան մասը կազմող վերապահումների:
Սիրելի հայրենակիցներ,
Մենք կարող ենք և իրաւունք ունենք Սահմանադրական դատարանի այս որոշումը մեր համահայկական պայքարի, այդ պայքարին միացած քաղաքական և հասարակական կազմակերպութիւնների, մեր ամբողջ ժողովրդի որոշակի ձեռք բերումը համարել:
Բայց հիմնական պայքարը առջևում է: Բազմապատկելով ընդհանուր ջանքերը` մենք պետք է ՀՀ իշխանութիւններին մղենք ու պարտադրենք` ամբողջացնել ու տրամաբանական աւարտին հասցնել գործընթացը:
Մեր վերջնական նպատակն է` հայ-թուրքական յարաբերութիւնները կարգաւորել այնպես, որ չվտանգւեն մեր ազգային-պետական շահերը և չզիջւեն մեր և մեր սերունդների արդարացի իրաւունքները:
ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ
12 յունւար 2010թ.
|