Հայոց մեծ եղեռնի 50- ամեակից յետոյ, ինչպէս սփիւռքի զանազան գաղութներում կազմւեցին Հ.Յ. Դաշնակցութեան հայ դատի յանձնախմբեր, այնպէս էլ Թեհրանում կազմւեց հայ դատի գրասենեակ: Սոյն գրասենեակը առաւելաբար հայոց մեծ եղեռնի ճանաչման խնդրով եւ ինչու չէ նաեւ իրանահայութեան ազգային- քաղաքական շահերը հետապնդող գործունէութիւն ծաւալեց՝ փորձելով շահել բարեկամներ, կատարել ուսումնասիրական եւ քարոզչական աշխատանքներ եւ հրատարակել պարսկերէն գրքեր այդ ուղղութեամբ:
1982 թւականին սոյն գրասենեակը պաշտօնապէս գրանցւեց Հայկական Հարցերի Ուսումնասիրական Կենտրոն «ՀՈՒՍԿ» անւամբ:
Ձեռնարկներն ընդհանրապէս քարոզչական լայն արձագանգ են գտել տեղական մամուլի եւ ինտերնետի զանազան կայքէջերի միջոցով՝ շնորհիւ ՀՈՒՍԿ-ի (www.hoosk.net)կայքէջը օժտւած է պարսկերէն եւ հայերէն տեղեկութիւններով:
Պայման եռամսեայ հանդէսը, պարսկերէն լեզւով տպագրւող հայկական միակ պարբերականն է Իրանում, որ պատմական, մշակութային գրական եւ այլ ասպարէզներում հանդիսանում է քարոզչական ազդեցիկ միջոց՝ հայ ժողովրդին ճանաչելու եւ հայ-պարսկական յարաբերութիւնները՝ քաղաքական, հասարակական եւ մշակութային տարբեր մակարդակնելում ընդլայնելու: Դա ներգրաւում եւ իր շուրջ է համախմբում բազմաթիւ մտաւորական եւ հեղինակաւոր դէմքերի: Պայման-ը կանոնաւոր պարբերականութեամբ, սկսեալ 1996-թւից լոյս է տեսնում երեք ամիս մէկ անգամ՝ 1500 տպաքանակով: 47-րդ համարը լոյս տեսաւ 2009-ի Յունիս:
ՀՈՒՍԿ-ը հետամուտ է ստանալու կամ գնելու հայ դատի եւ հայոց ցեղասպանութեան մասին գրքեր տարբեր լեզուներով: Սոյն գրականութիւնը յանձնւում է պարսկերէն թարգմանութեան եւ հրատարակւում: Կազմակերպւում է գրքի շնորհահանդէսներ, ցուցահանդէսներ եւ այդ միջոցներով եւս նոր ծանօթութիւններ շահում: Յայժմ, պարսկերէն թարգմանւել եւ հրատարակւել են տասնեակ գրքեր եւ պրակներ որոնք իրագործել կամ դրանց իրագործմանը օժանդակել է ՀՈՒՍԿ հաստատութիւնը:
Հայոց մեծ եղեռնի ոգեկոչման առիթով ՀՈՒՍԿ-ը ամէն տարի քարոզչական լայն աշխատանք է կատարում: Պատրաստում է պարսկերէն եւ անգլերէն լեզուներով փաթեթներ, պրակներ, CD, DVD եւ ուղարկում՝ տեղական լրատւական կենտրոններին, մամուլին, Իսլամական խորհրդարանի պատգամաւորներին եւ Իրանում հաւատարմագրւած դեսպանատներին:
Պարսիկ մտաւորականութեան եւ Իսլամական խորհրդարանի պատգամաւորների համար կազմակերպում է քաղաքական ձեռնարկ: Հայոց եղեռնի ոգեկոչման առիթով, համապատասխան գրութիւններ եւ վերջնագրեր է յղում Թեհրանում ՄԱԿ-ի գրասենեակին եւ աւելի քան 50 դեսպանատների:
1995 թւականից ի վեր, Ապրիլ 24-ի երեկոյան, Արարատ Մարզաւանում կազմակերպում է եղեռնի ոգեկոչման ձեռնարկ: Բազմաթիւ փաստագրական տեսաերիզներ է տրամադրում հայոց դպրոցներին, իրենց ձեռնարկներում օգտւելու համար:
ՀՈՒՍԿ-ում են կենտրոնանում հայ դատին առանչւող նիւթեր, լուրեր եւ ֆիլմեր, որոնք մատչելի են համայնքիս տարբեր միւթիւնների կամ դպրոցների, ինչպէս նաեւ հայ եւ պարսիկ բարեկամների համար:
Կազմակերպւում են Հայ Դատի լսարաններ՝ հայ դատի պատմական եւ քաղաքական զարգացումների մասին տեղեկութիւններ փոխանցելու ցանկացողներին եւ յատկապէս երիտասարդ ու պատանի սերնդի հետ աշխատող անձանց:
ՀՈՒՍԿ-ը 2003-թւից սկսեալ, ամէն տարի կազմակերպել է Հայ Դատն Այսօր խորհրդաժողովը՝ Թեհրանում, քննարկման նիւթ դաձնելով հայ դատի քաղաքական զարգացումները, օրւայ հրամայականներն ու նոր մարտահրաւէրները, նպատակ ունենալով մտքերի ու տեսակէտների արտայայտման եւ բախման ընդմիջից գտնել հայ քաղաքական կեանքը յուզող հարցերին պատասխաններ եւ սատար հանդիսանալ հայ դատի պահանջատիրական պայքարին:
Սոյն խորհրդաժողովը լաւագոյն առիթ է հանդիսանում նաեւ ծանօթանալու հայ քաղաքական եւ մտաւորական դաշտում գործող անձանց հետ, որոնք Հայաստանում, Թուրքիայում եւ սփիւռքի զանազան գաղութներում մեծ ճիգով եւ յանձնառութեամբ փարւած են ազգանւէր աշխատանքի:
ՀՈՒՍԿ-ը այն կուռ շղթայի օղակներից մէկն է հանդիսանում, որ համայն աշխարհում լծւած են հայ դատի պայքարի յաջողութեան գործին եւ որոնց ձեռքբերումները խթանում եւ գօտեպնդում են մէկը միւսին: